20/10/2020 23:08
Զոհվել է Մնջախաղի թատրոնի արտիստ, պարող Հովհաննես Հաջինյանը
Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի արտիստ, պարող Հովհաննես Հաջինյանը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքի էջում կատարված գրառումից:
«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացն անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ, սիրելի եղբայր», - նշված է գրառման մեջ:
Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երևանում:
1996թ-ից պարել է հիպ-հոպ ոճի պարեր և մասնակցել մի շարք փառատոների:
1998թ. «Կանազ» մշակույթի տանը ծանոթացել է մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, որից հետո ընդունվել է նրա պարի խումբ:
2001-06թթ բնակվել է Մոսկվայում, սակայն պարբերաբար եկել է Հայաստան:
2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել 1-ին տեղերի:
2006թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժին:
2013թ-ից աշխատում էր Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան: