21/10/2020 14:56
Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ Իրանին տհաճություն չպատճառի. Նիկոլ Փաշինյան
Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում, այս մասին իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը», - նշել է վարչապետը։
Դիտարկմանը, որ մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականներն ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում է:
«Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի», - ասել է ՀՀ վարչապետը։