21/10/2020 15:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա. ՀՀ վարչապետ
Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են ԼՂ հակամարտությանը, իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է», - ասել է Փաշինյանը։