21/10/2020 20:31
Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է. Պոմպեոն՝ Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար:
Բրիֆինգում ելույթ ունենալով՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:
«Ձեր առաջին հարցն այն մասին էր, թե ինչի հույս ունեմ հասնել ուրբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմամբ: Դուք խոսել եք այն մասին, թե արդյոք մենք միջնորդելու ենք մեկ այլ հրադադարի ռեժիմի մշակման հարցում՝ ակնարկելով, որ հրադադարի նախկին պարտավորությունները չեն աշխատել», - ասել է Պոմպեոն:
Ըստ նրա, խոսքն աշխարհում բարդ իրավիճակի մասին է:
«Սա բարդ դիվանագիտական իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, շարունակում է մնալ այն, որ առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է, դեէսկալացիա ապահովելու անհրաժեշտությունը: Ոչ մի երկիր չպետք է միջամտի այս հակամարտությանը՝ կրակին յուղ լցնելով, չպետք է զենքի համակարգեր տրամադրի, աջակցի: Եվ այդ ժամանակ, այդ փուլում, դիվանագիտական լուծումը բոլորի համար ընդունելի կլինի: Ես այս մասին կխոսեմ նրանց հետ (Բայրամով և Մնացականյան) ուրբաթ», - հավելել է Պոմպեոն: