21/10/2020 13:34
Լսել եմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ. Մարուքյան
Մեզ առաջարկվել է ստորագրել և միանալ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների, վարչապետների և այլ բարձրաստիճան անձանց մասնակցությամբ ստեղծվելիք օպերատիվ շտաբի աշխատանքներին, բայց քննարկել և գտել ենք, որ այս պահին ներուժ ունեցող բոլոր մարդիկ արդեն իսկ առաջարկություններ արել են, և հետևաբար կարիք չկա նման շտաբ ձևավորել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կարծում եմ, որ կոլեգիալ մարմինների ստեղծումը կարող է բերել կոլեգիալ անպատասխանատվության: Բայց, միևնույն ժամանակ, դեմ չենք եղել առաջարկին: Եթե նման մարմին ստեղծվի, դեմ չենք լինի», - ասաց նա:
Մարուքյանը միաժամանակ նշեց, որ իր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը, ի թիվս Արցախի նախկին նախագահների հետ հանդիպման, Արցախի հարցով քննարկումների շրջանակում հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ:
«Ճշտեք, նման բան լսել եմ: Կարող է ինչ-որ մեկի հետ՝ չէ, բայց մի մասի հետ՝ լսել եմ: Ուղղակի ես տեսնում եմ, որ միասնականությունը շատ դեպքերում մնացել է հայտարարությունների մակարդակին», - ասաց պատգամավորը: