21/10/2020 09:35
«Փաստ». Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։
Պաշտոնական Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։ Ավելին, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում՝ կապված պատերազմում սպանված բազմահազար ադրբեջանցի զինվորների դիակների հետ։
Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ թաքցվում են սպանվածների իրական թվերը, մյուս կողմից՝ հարազատները փաստացի տեղեկություն չունեն իրենց դիակների մասին։ Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամական երկրում դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից»։