21/10/2020 14:50
Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակների մասին համաձայնագիրը
ՌԴ Պետդուման չորեքշաբթի լիագումար նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններում աշխատողների կենսաթոշակների մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից:
Փաստաթուղթն ուղղված է կենսաթոշակների ոլորտում աշխատողների հավասար իրավունքների ապահովմանը, ԵԱՏՄ երկրների տարածքներում նրանց կողմից ձեռք բերված կենսաթոշակային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կենսաթոշակների ոլորտում համագործակցություն զարգացնելուն, ասված է օրինագծի բացատրական գրության մեջ:
Համաձայնագիրը նաև երաշխավորում է, որ աշխատողներին չի կարող մերժվել կենսաթոշակների նշանակումը և վճարումը ԵԱՏՄ մեկ այլ երկրի տարածքում իրենց բնակության վայրի հիման վրա: