21/10/2020 17:52
Պետությանը հանձնվող ռազմական նշանակության և որոշ այլ ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ-ից ազատվեց հարկերից
Խորհրդարանը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել մի շարք գերատեսչությունների՝ Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:
«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ 74 կողմ ձայնով:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից:
Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան վերոնշյալ գերատեսչություններին հանձնել առանց հարկային պարտավորությունների:
Այդ ապրանքների հանձնումը պետք է փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով: