21/10/2020 18:16
Բանկերը կկարողանան սեփական հայեցողությամբ ներել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և զոհված անձանց վարկային պարտավորությունները. օրենքն ընդունվեց
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 75 կողմ քվեով, ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:
Հնարավորություն է ընձեռնվում նաև ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ ծնողների վարկային պարտավորությունները:
ԱԺ ամբիոնից նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ընդգծեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ձևակերպումները հստակեցվել են, ընդունվել է, որ առաջարկվող լուծումները կիրառելի լինեն նաև անհայտ կորած անձանց նկատմամբ:
Ավելի վաղ ունեցած իր ելույթում կառավարության ներկայացուցիչը շեշտել էր՝ տարընկալումներից խուսափելու համար պետք է ֆիքսել, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ, իրենց քաղաքականության շրջանակներում և ոչ թե պարտադրված լինելով՝ պետք է կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել վարկային պարտավությունները:
«Սա կարևոր է այն իմաստով, որ հասարակության շրջանում հանկարծ չձևավորենք չհիմնավորված սպասումներ և վարքագիծ թելադրվի, որպեսզի հետագայում բանկերի հետ լինեն հնարավոր տարակարծություններ:
Ուզում եմ հստակ արձանագրենք, որ խոսքը նպաստավոր միջավայրի մասին է, հակառակ պարագայում՝ գործնականում իրավական առումով հնարավոր էլ չէ պարտադրել քաղաքացիաիրավական կողմերից որևէ մեկին ներել մյուս կողմի նկատմամբ ունեցած պահանջի իրավունքը: Պետք է ստեծվի նպաստավոր միջավայր՝ սեփական հայեցողությամբ ու կամքով այդ քայլին գնալու համար», - նշել էր Արման Պողոսյանը: