22/10/2020 14:44
Պեսկով. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման բանակցություններում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:
Ըստ նրա՝ «կարգավորման մասնակցելը, միջնորդ լինելը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»:
Պեսկովը խոստովանել է, որ հակամարտության գոտում հրադադարը դեռ չի պահպանվել: