22/10/2020 19:21
Իսրայելի հայերն ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կոչով, որի մեջ ընդգրկված են Իսրայելում գործող բոլոր հայկական կուսակցություններն ու միությունները, ողջ Իսրայելի հայերը, ինչպես նաև բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում՝ սիրիացի հոգևորականներ, համախմբվել և այսօր կազմակերպել են բողոքի մեծ ցույց, որը տեղի է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց՝ 21-րդ դարում երկրորդ հայոց ցեղասպանություն թույլ չտալու համար: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Ցուցարարները պահանջել են Իսրայելին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգային հարթակներում սատարել ճակատագրով իրեն այդքան մոտ ու հազարամյակների բարեկամ հայ ժողովրդին:
Ցույցի ժամանակ վաճառվել են նաև պաշտպանիչ դիմակներ՝ Արցախի դրոշներով: Վաճառքից գոյացած գումարը փոխանցվելու է Հայաստան Համահայկական հիմնադրամին: