22/10/2020 22:23
Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին. ՀՀ վարչապետ
Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում, ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ խնդիրը նրանում է, որ, ընդհանրապես, բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին», - նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը, սակայն, ընդգծել է՝ Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է:
«Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը», - ասել է նա։
ՀՀ վարչապետըն ասել է, որ դիվանագիտական աշխատանքը կշարունակվի։
«Մենք արագ որոշակի լուծումների հանգելու կարիք ունենք: Բայց այս ժամանակամիջոցում, հատկապես՝ երկու տապալված պայմանավորվածություններից հետո՝ ես նկատի ունեմ Մոսկվայի պայմանավորվածությունը և դրանից հետո Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ պայմանավորվածությունը, երբ թվում էր, թե ամեն ինչ համաձայնեցված է, ես ուղղակի ռեալ չեմ համարում շուտափույթ դիվանագիտական լուծումը: Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ ուզում, որ ես պատրաստ չեմ դրա համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Դա պարզապես Ադրբեջանի դիրքորոշմանն իմ օբյեկտիվ գնահատականն է: Ի դեպ, դա այնքան էլ Ադրբեջանի դիրքորոշումը չէ, ես կարծում եմ, որ դա ավելի շուտ, Թուրքիայի դիրքորոշումն է, որն արտացոլվում է Ադրբեջանի դիրքորոշմամբ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով՝ «Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին»։