22/10/2020 22:30
Պատկերացնո՞ւմ եք խրամատներում գտնվողների արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ ահաբեկիչների հետ. Նիկոլ Փաշինյան
Երբ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, բոլորովին տեղին չէ քննարկել, թե ինչպիսի՞ զիջումների ենք պատրաստ գնալ, ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին ահաբեկչական խմբավորումների ուժերը, որոնք Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի կողմից, և՛ վարձկանները, և՛ ահաբեկիչները կոնկրետ հարձակվում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի վրա: Հասկանո՞ւմ եք այն մարդկանց վիճակը, ովքեր այնտեղ պայքարում են և ի դեպ՝ ոչ թե Ադրբեջանի դեմ, այսինքն՝ ոչ թե ադրբեջանական բանակի դեմ, այլ ահաբեկիչների դեմ: Եվ այս իրավիճակում պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Ես ասացի, որ մենք պատրաստ ենք փոխզիջման Ադրբեջանի հետ»,-ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է՝ շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Բայց այժմ այս ամբողջ գործընթացը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստից: Առաջին գործը, որ մենք պետք անենք, դա գործընթացը Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունների հուն վերադարձնելն է: Ահաբեկիչների ներկայությունն կոնրկետ հետևանքներ կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև տարածաշրջանին մոտ երկրների համար: Ցավոք, չնայած, որ տարածաշրջանային երկրներն ուղիղ պաշտոնապես ընդունել են ահաբեկչական խմաբովորումների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, դեռևս նրանք չեն նախաձեռնել կոնկրետ հակաահաբեկչական քայլեր: Սա է այն հիմնական պահը, հիմնական խոչընդոտը, որ թույլ չի տալիս մեզ գալ դիվանագիտական լուծման»,-ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա շեշտել է՝ սկզբում պետք է լուծել ահաբեկիչների հարցը, քանի որ «եթե նրանք հաջողություններ արձանագրեն այստեղ, նրանք կշարունակեն գնալ հարավ և հյուսիս: Քանի որ դա նրանց պրոֆեսիոնալ աշխատանքն է՝ ահաբեկել, ապակայունացնել և նրանց համար մեծ տարբերություն չկա որտեղ դա անել»։