22/10/2020 22:40
Հակառակորդը մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհ ունի և դա քննարկումից դուրս է. ՊՆ ներկայացուցիչ
Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր ու կարողանում են խուճապի մատնել հաճախ ընդամենը նկարվելու համար, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բնակավայրերում երբեմն տներ են այրում, անկանոն իրավիճակ ստեղծում.
«Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ»:
Արծրուն Հովհաննիսյանը բարձրաձայնեց նաև, որ այդ խմբավորումները, որպես կանոն, փոքր են լինում և մեկ գրագետ հակագրոհից հետո փախչում են և տևական ժամանակ չեն վերադառնում տվյալ բնակավայրեր: Որպես ասվածի վկայություն՝ Հովհաննիսյանը նշեց Հադրութ և Ֆիզուլի քաղաքների դեպքերը:
«Այդ մարտավարությունը հակառակորդը շարունակելու է տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր՝ առանց լուրջ զրահատեխնիկայի, խոցման միջոցների ու առանջ իրենց սիրելի ԱԹՍ-ների լուրջ աջակցության», - ասաց նա:
ՊՆ ներկայացուցիչը նաև նկատեց, որ ադրբեջանական կողմը և նրանց հետ դաշնակցող հրոսակախմբերը մեզնից մի քանի անգամ ավելի շատ զոհ ունեն: «Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է», - ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի նշած թվին, թե հայկական ու ադրբեջանական կողմերից յուրաքանչյուրը շուրջ 2000 զոհ ունի, Հովհաննիսյանն ասաց, որ դրանք ընդհանրացված թվեր են և կոնկրետ թվեր չէին կարող նշվել: