22/10/2020 22:15
Կորոնավիրուսի հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև. ԱՆ ներկայացուցիչ
Վերջին օրերին ունենք կորոնավիրուսային հիվանդացության աննախադեպ աճ, օրը շուրջ 500 դեպքով ավելի է գրանցվում նախորդ օրվանից, դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։
«Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու: Անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հիվանդ ունենք, որ հիվանդանոցներում է բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց կարիք կա հոսպիտալացնելու, սպասում են այս կամ այն հիվանդանոցում տեղ ազատվի, որպեսզի կարողանան ընդունել», - ասաց Լուսինե Պարոնյանը։
Նրա խոսքով՝ պատերազմական իրավիճակում կորոնավիրուսը երկրորդ պլան է մղվել:
«Մենք մեր վարքագծով հասանք այս վիճակին։ Բժիշկները հիմա ավելի շատ անհրաժեշտ են ռազմաճակատին, և ամեն ինչ պետք է անենք, որ նվազեցնենք թվերը։ Կոչ եմ անում չմոռանալ կորոնավիրուսի մասին, պահպանել կանոնները», - հայտարարեց ՀՀ ԱՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 16 մարդ: