22/10/2020 22:46
Լեռնային Ղարաբաղում կարող է իրականացվել հակաահաբեկչական գործողություն, որով կարող է շահագրգռված լինել Ռուսաստանը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը ու նշել, թե ինչպես է պատկերացնում ահաբեկիչների հարցի լուծումը։
- Դուք ասացիք՝ լուծել ահաբեկիչների հարցը: Ինչպե՞ս: Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրների կամ կառույցների կողմից հայտարարությունները, արձագանքները շրջադարձային նշանակություն չեն ունեցել խնդրում:
– Այո, օրինակ՝ հակաահաբեկչական օպերացիայի իրականացում: Սա մի տարբերակ:
– Միայն հայկակա՞ն կողմի ուժերով:
– Ոչ: Լեռնային Ղարաբաղի ուժերը դա անում են այնքանով, որքանով դա հնարավոր է: Գործնականում, նրանք հիմա պատերազմում են երեք ճակատով. Ադրբեջանի բանակի դեմ, Թուրքիայի բանակի դեմ և ահաբեկիչների դեմ: Բայց ես կարծում եմ, որ այս հարցի հասցեատերը միայն ես չեմ, քանի որ մենք, իհարկե, այդ հակաահաբեկչական գործողություններն ապահովում ենք այնքանով, որքանով դա հնարավոր է: Կարծում եմ, որ այստեղ պետք է խառնվեն երկրներ, որոնց ազգային անվտանգության համար այս իրավիճակն ունի կոնկրետ սպառնալիք:
-Այդ երկրների թվում կարո՞ղ ենք նկատի ունենալ Ռուսաստանը և Իրանը: Եվ, արդյոք Դուք նրանց հետ նման խոսակցություն ունեցել եք:
– Իհարկե, առաջին հերթին այստեղ շոշափվում են Ռուսաստանի շահերը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում նվազագույնը երկու դեպք է եղել, երբ Հյուսիսային Կովկասում իրականացվել են հակաահաբեկչական օպերացիաներ: Եվ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ասել են, որ այս ահաբեկիչները ժամանել են Սիրիայից: Մինչ այդ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա են ահաբեկիչներ: Եվ այս երկու հայտարարությունները չեն կարող կապված չլինել միմյանց հետ: Հարցը հիմա նրանում է, թե արդյոք ռուսաստանյան ծառայությունները կսպասեն այդ ահաբեկիչների ժամանելուն, թե պետք է իրականացնել կանխարգելիչ քաղաքականութուն: Եթե ահաբեկիչները հաջողություն արձանագրեն Լեռնային Ղարաբաղում, դրանից հետո նրանք գործողությունների նոր պլացդարմ և նոր հարթակներ կփնտրեն: Դա պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը: Բայց այս հարցի կապակցությամբ մենք խորհրդակցություններ ենք ունեցել ռուսաստանյան գործընկերների հետ և իհարկե մեր տեսակետը հայտնել ենք:
– Ճի՞շտ եմ հասկանում, որ կանխարգելիչ գործողություններ կարող են իրականցվել ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Ադրբեջանում: Կարո՞ղ ենք սա համարել երրորդ ուժերի հրավեր Ձեր կողմից՝ միջամտելու այս հակամարտությանը:
– Պետք է հստակեցնել, թե ինչ է նշանակում երրորդ ուժեր, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է: Եվ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում հավատարիմ կլինի անվտանգության ոլորտում իր պարտավորություններին: Սա մի հարց է, որը հետագա դիտարկման կարիք ունի: Այստեղ կան շատ նյուանսներ: Ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը արդեն վաղուց դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից և գործնականում շատ օտարերկրյա գործընկերներ արդեն պաշտոնապես ընդունել, ճանաչել են, հաստատել են դա: Եվ ես կարծում եմ և հույս ունեմ, որ հետագա արձագանքը նույնպես կլինի այդ ոգու մեջ: