22/10/2020 23:02
Համանախագահության ձևաչափը չի փոխվելու. վարչապետը տարօրինակ է անվանել Ադրբեջանի պնդումը, թե Թուրքիան պետք է ներգրավվի բանակցային գործընթացին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ դիրքորոշում է անվանել Ադրբեջանի պնդումը, թե Թուրքիան պետք է ներգրավվի բանակցային գործընթացին։
«Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը», - ասել է ՀՀ վարչապետը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե արդեն ամեն ինչ կորսված է, Փաշինյանը նշել է, թե Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց որևէ նախնական նախապայմանների:
«Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի դեպքում», - ասել է նա։
Դիտարկմանը, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շատ ակտիվորեն պաշտպանում է Ադրբեջանին, արդյոք այս հակամարտության աճը կարող է բերել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման, Նիկոլ Փաշինյանը նշել է, թե չի կարծում, որ դա հնարավոր է։
«Քանի որ ակնհայտ է՝ Թուրքիան այստեղ չի մասնակցում որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, այլ որպես երկիր, որն ապակայունացնող դեր է խաղում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այն երկրների հետ, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Օրինակ՝ Հունաստանը: Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Թուրքիան անընդհատ իրականացնում է քայլեր, որոնք ավելացնում են և ստեղծում են լարվածություն Հունաստանի հետ հարաբերություններում», - ասել է վարչաետ Փաշինյանը։