23/10/2020 23:10
Պոմպեոն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման կարևորությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան կարգավորման կարևորությունը, ինչպես նաև կոչ է արել դադարեցնել բռնությունները և պաշտպանել քաղաքացիական անձանց: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու դիվանագետների հետ նրա հանդիպումներն անցկացվել են առանձին: «Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ կողմերը պետք է առարկայական բանակցություններ սկսեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ հակամարտությունը կարգավորելու համար ելնելով Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներից. ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաև հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում», - ընդգծում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 1992 թվականից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գլխավորությամբ: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, որպես խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ ամենախիստ կերպով դատապարտում են հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը: Պուտինը, Թրամփը և Մակրոնը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: