23/10/2020 10:14
ԱՄՆ Սենատի դեմոկրատները կոչ են անում մտածել Ադրբեջանին և Թուրքիային ռազմական օգնությունից զրկելու մասին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ Դեմոկրատական կուսակցությունից ներկայացրել են բանաձևերի նախագծեր՝ կոչ անելով վերանայել Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում Ադրբեջանին և Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Այդ նախաձեռնության հեղինակներն են, ընդհանուր առմամբ, յոթ օրենսդիր՝ Բոբ Մենենդեսը, Քրիս Վան Հոլլենը, Բոբ Քեյսին, Էդվարդ Մարկին, Ռիչարդ Դուրբինը, Քորի Բուքերը և Ջեք Ռիդը:
Նրանց պատրաստած փաստաթղթերում նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ստիպված է լինելու զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովներին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին: Բացի այդ, ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարին հանձնարարվում է ծանուցել կառավարության օրենսդիր մարմնին, թե արդյոք ներկայումս կան «արտառոց հանգամանքներ ...», որոնք անհրաժեշտ են դարձնում Անկարային և Բաքվին անվտանգության աջակցությունը շարունակելը»:
Այս կապակցությամբ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հրավիրվում է պարզաբանելու՝ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան ամերիկյան ռազմական օգնությունն օգտագործում են այնպես, որ նպաստեն մարդու իրավունքների խախտումներին: Թուրքիայի դեպքում, Պոմպեոյից պահանջվում է նաև պարզաբանել, թե Անկարան օգտագործում է ամերիկյան արտադրության F-16 կործանիչ ռմբակոծիչներ «Հարավային Կովկասում 2020 թվականից [Լեռնային Ղարաբաղի շուրջ] հակամարտության սրումից ի վեր»: Ենթադրվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը օրենսդիրներին կծանոթացնի այս բոլոր եզրակացություններին բանաձևի ընդունումից ոչ ուշ, քան 30 օր հետո: