23/10/2020 14:34
«Ռոսսելխոզնադզորը» կարող է արգելել Ադրբեջանից բանջարեղենի մատակարարումը
«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից ապրանքների մատակարարման համար, եթե Բաքուն չխստացնի վնասատուների դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով գերատեսչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար կարանտինային վնասատուներն առավել տարածված են դարձել ադրբեջանական բանջարեղենի և մրգերի մեջ: 2020 թվականի սկզբից ի վեր նույնականացվել է 76 այդպիսի բեռ: Յուրաքանչյուր փաստի համար ծառայությունը ծանուցումներ է ուղարկել ադրբեջանցի գործընկերներին, ընդգծում է «Ռոսսելխոզնադզորը»:
Ամենից հաճախ Ռուսաստանին մատակարարվող լոլիկում են հայտնաբերվել վնասակար օրգանիզմներ: Ընդհանուր առմամբ՝ «Ռոսսելխոզնադզորն» արձանագրել է 15 դեպք: Վնասատուների շրջանում հայտնաբերվել է հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta): Կարանտինային վնասատուները գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինների և նռան մեջ:
«Օտարերկրյա գործընկերներն ընդգծել են, որ այդ դեպքերը քննվում են, բայց, գործակալությունում առկա տեղեկությունների համաձայն, այդ վնասատուն բացակայում է հանրապետության տարածքում և կարանտինային օբյեկտ է Ադրբեջանի համար», - ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ:
Ռուսաստանի դեպարտամենտը կարծում է, որ դա կարող է վկայել, որ Ադրբեջանից Ռուսաստանին մատակարարվող բանջարեղենի մի մասը գալիս է այլ երկրներից: Ռուսաստանի դեպարտամենտը մտահոգված է նաև մատակարարված լոլիկի ծավալի ավելացմամբ 2019-ի համեմատ:
««Ռոսսելխոզնադզորը» խստորեն խորհուրդ է տվել ադրբեջանական գերատեսչությանն ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնություն տարածք ուղարկվող բուսական արտադրանքի նկատմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Հետագա հայտնաբերման դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից այն կատեգորիայի ապրանքների ներմուծման համար, որոնցում հայտնաբերվում են կարանտինային վնասակար օրգանիզմներ»:
Գերատեսչությունը նաև դիմել է ԱՀ Սննդամթերքի անվտանգության գործակալությանը՝ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և տվյալներ ստանալու համար, նաև հանրապետության տարածքում աճեցված և այլ պետություններից Ադրբեջան ներկրված բուսական արտադրանքի ծավալների վերաբերյալ: