24/10/2020 18:29
Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի դեմ ագրեսիայի դադարեցմանը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ:
Նշված դեպքերի առիթով Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարուն է տարածել՝ ուշագրավ համարելով այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:
«Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:
Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում՝ անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ», - նշում են Արցախի արտգործնախարարությունից: