24/10/2020 15:44
Կորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388-ն ունի հոսպիտալացման կարիք. Առողջապահության նախարարի կոչը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի: Առավոտյան՝ ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:
Սիրելի՛ ժողովուրդ,
Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց՝ վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Թու՛յլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ.
Բժիշկներն այս պահին զինվորին են պետք»։