24/10/2020 22:57
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից:
«Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Բաքվում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում J. W. Marriott Absheron հյուրանոցի դիմաց և Բաքվի այլ շինությունների մոտ: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին էլ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն էր իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: