25/10/2020 22:11
Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղում երևացել են դիվերսիոն խմբեր. այս պահին էլ շարունակվում են դրանց որոնողական և ոչնչացման աշխատանքները. Հովհաննիսյան
Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայրամաս հարավ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսել է հրետակոծություն և մարտական գործողություններ են ծավալվել, որոնք իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղում, այդ թվում նաև՝ Ավետարանոց գյուղի հատվածում երևացել են դիվերսիոն խմբեր:
«Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք շարունակվում են։ Որպես կանոն, դիվերսիոն խմբերը մարտերի չեն բռնվում, աշխատում են փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները», - ասաց նա: