25/10/2020 14:46
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը զարմանք է առաջացնում, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է ԼՂ կարգավորման հիմնական սկզբունքներին. Մանե Գևորգյան
Երևանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա, «Интерфакс» գործակալությանն ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», - «Интерфакс»-ի հետ զրույցում այսօր ասել է Գևորգյանը:
Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ «Интерфакс»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:
«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին», - ասել է նա։
«Այնպես, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին», - ընդգծեց Մանե Գևորգյանը:
Այսօր Ադրբեջանի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն պատրաստ է հրադադարի պայմանով, եթե Հայաստանը հայտարարի ԼՂ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից մշակած կարգավորման հիմնական սկզբունքներին իր հավատարմության մասին։