25/10/2020 17:32
«Եկող կիրակին» չեկավ, բայց «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի մոտ նորից ենք լուսանկարվելու
Կորոնավիրուսով պայմանավորված Արցախի մուտքի սահմանափակումը հանվեց: Ինչ էր մնում անել, եթե ոչ Արցախ գնալ:
Որտեղի՞ց սկսել՝ հենց Դադիվանքից, հետո արդեն ճանապարհն ինքը կուղղորդի: «Դեդո-Բաբո»-ի հուշարձան գնալը կա ու կա, Շուշին էլ անպայմանների ցանկում է: Հա, ի դեպ, նախորդ անգամ Շուշիի շենքերից մեկի վրա հակառակոդի զինամթերքի հետքեր նկատվեցին. թուրքն այդտեղով անցել էր: Նորից նայել, պատմական փաստերը պատկերացնել ու զգալ է պետք: Տեղացիների հետ թեմայի շուրջ խոսել չարժի: Անցած անգամ օրինակը ցույց տվեց, որ վերքերը թարմ են, իրադարձությունները դեռ հիշողություն չեն:
Նախորդ անգամվանից մի թարմ հիշողություն էլ կա. Ղազանչեցոց եկեղեցու հարևան շենքի մեծ ցուցանակը՝ «Ժենգյալով հաց»: Խանութն այդ անգամ փակ էր, հիմա հաստատ բաց կլինի:
Բայց թիվ մեկ քայլը լուսանկարվելն է լինելու «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի մոտ:
Եկող կիրակի. այո, հենց այդ օրն էլ պետք է գնալ, օդերևութաբանների կանխատեսումներով՝ արցախյան խաղաղ երկինքնում արևը ջերմ է լինելու:
… «Եկող կիրակին» սակայն չեկավ, «եկող» կիրակի պատերազմը եկավ: Թվարկածներից իրականություն դարձավ միայն արևի ջերմությունը, բայց ոչ խաղաղ երկնքում: Վառոդի հոտը քիչ թե շատ մոռացած երկիրը նորից նույն հոտը շնչեց: Բնության զգայարանները նորից մարդկանցինից զգայուն դարձան, դրանք ամենաթանկն են զգում՝ մեկի եղբոր, մյուսի ամուսնու, մեկ ուրիշի հոր ջերմությունը, երբեմն նաև արյան տաքությունը: «Ոտքիդ տակի հողին մեռնեմ» արտահայտությունը իզուր չէ մեր լեքսիկոնում:
Պատերազմը եկավ ու «ոտքը կախ է գցում», ամեն անգամ, երբ թվում է, թե ուր որ է կթողնի-կգնա, անցանկալի հարևանի պես «ոտքը կախ է գցում»:
… Առաջին օրն անցավ, երկրորդը, երրորդն էլ… , գուցե վա՞ղը դադար լինի: «Սրտահովանք»-ի համար մտածում ես՝ հաստատ կարճատև է լինելու՝ ապրիլինը քառօրյա էր, հուլիսինը՝ մի քանի օր: Բայց պատերազմական օրացույցում հաշիվդ կորցնում ես: Արդեն քսան քանի օր՝ շուրջ մեկ ամիս զնեքերը չեն լռում: Կյանքն էլ չի «լռում»: Արդարության պահանջից բացի, իր բնական պահանջներն է հիշեցնում՝ ընտանիք կազմել նաև Շուշիի ռմբակոծված եկեղեցում, երեխա ունենալ, շարունակել երազել, ապրել լավատեսորեն, անպայման «եկող կիրակիի» օրակարգը խմբագրել ու հեռախոսի մարտկոցը լիցքավորած պահել: Հնարավոր է՝ «եկող կիրակին» հենց այս օրն է: Տուրի ցուցակում առաջինը «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի մոտ լուսանկարվելն է:
Իսկ պատերազմն աչքի առաջ պատկերացնելու համար Շուշիի այն շենք գնալու կարիք այլևս չկա. թուրքը նորից Արցախով անցավ: