26/10/2020 16:49
Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանի վիրավորանքը Մակրոնի հասցեին
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված վիրավորանքը որակել է որպես Եվրամիությունից Անկարայի հեռանալու վկայություն:
Ավելի վաղ Մակրոնը մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Նա նաև արտահայտել էր Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպության ստեղծման անհրաժեշտության գաղափարը, որը կօգնի երկրում «լուսավոր իսլամ» կառուցել: Էրդողանը պատասխանել էր՝ ասելով, որ «լուսավոր իսլամի» գաղափարն առաջ քաշած ֆրանսիացի իր գործընկերոջը պետք է «բուժել հոգեկան վիճակը»: Ավելի ուշ Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին Թուրքիայից:
«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դա կրկին ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից։ Ամբողջական աջակցություն և համերաշխություն ենք հայտնում Ֆրանսիային», - Twitter-ում գրել է Ավստրիայի կանցլերը: