26/10/2020 14:27
Կրեմլը մեկնաբանել է Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ հայտարարությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ հայտարարությունը, նշել է, որ այս հակամարտությունը չպետք է լինի մրցակցության վայր:
ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նոր հրադադարի մասին: Դա տեղի է ունեցել Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո:
«Սրված փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության վայր», - պատասխանել է Պեսկովն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նման պայմանավորվածություններին և արդյոք ԱՄՆ-ին հաջողվե՞լ է անել ավելին, քան Ռուսաստանին:
«Իհարկե, Ռուսաստանը, որպես խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը», - լրագրողներին ասել է Պեսկովը: