26/10/2020 21:42
Տեսագրությունը, որում ոստիկանը դժգոհում է կացության պայմաններից, արվել է պատերազմի առաջին օրերին. ՀՀ ոստիկանություն
Սոցցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ առաջնագծում գտնվող ոստիկանության մի ծառայող դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից: Ծառայողական քննությամբ ճշտվել է այդ ծառայողի ինքնությունը, ինչպես և՝ ովքեր են տեսանյութը տարածել, հայտնում է ոստիկանությունը։
Պարզվել է, որ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:
Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել:
«Մեր քաղաքացիներին հորդորում և կոչ ենք անում առանց հանգամանքները ստուգելու այս կարգի նյութեր չտարածել, չընդհանրացնել մասնավոր դեպքերը, ինչպես և նման նյութերի մասին տեղյակ պահել պատկան մարմիններին: Հիշյալ տեսանյութի առնչությամբ ծառայողական քննությունը շարունակվում է: Ըստ քննության արդյունքների կձեռնարկվեն համապատասխան միջոցներ», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։