27/10/2020 19:02
Նախատեսվում է կարգավորել ռազմական դրության իրավիճակում անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության առաջացման հարաբերությունները. ՊՆ փոխնախարար
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության իրավիճակում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության առաջացման հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու երաշխիքները և ընթացակարգը, գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը փոխնախարարին խնդրեց պարզաբանել, որ խոսքը չի գնում գույքն անհատույց վերցնելու մասին:
Բալայանն ի պատասխանեց նկատեց՝ նախագծով նախատեսվում է, որ գույքը վերցնելիս արձանագրություն է կազմվում, և եթե գույքին վնաս է հասցվում, կառավարությունը սահմանված կարգով հատուցում է տրամադրում:
«Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում», - ասաց ՊՆ փոխնախարարը: