27/10/2020 19:35
Ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում. ՊՆ փոխնախարար
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է լրամշակել մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Որոշակի հստակեցումներ են մտցվում իրավակարգավորումներում: Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում», - պարզաբանեց փոխնախարարը:
Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ պատժի խստացումն ի՞նչ տրամաբանական կապ ունի հանցավորության դեմ պայքարի հետ:
«Թե՞ պարզապես դա ավելի հրապարակայնացնելու և դրա միջոցով հանցագործություններից ձեռնպահ մնալու նպատակ ունի: Ո՞րն է իմաստը, որ մենք գնում ենք խստացման ճանապարհով», - Բալայանին հարց ուղղեց պատգամավորը:
ՊՆ փոխնախարարը պատասխանեց՝ արդեն իսկ առկա են պաշտոնատար անձանց առաջադրված համապատասան մեղադրանքներ, և իրենք գտնում են, որ այս պահի դրությամբ պետք է ավելի խիստ պատժաչափեր սահմանվեն, որպեսզի այդօրինակ անձինք որոշակի իրավիճակներում ձեռնպահ մնան որոշակի արարքներ կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց: