27/10/2020 19:05
Աշխարհազորը հիմնվում է բացառապես կամավորության սկզբունքի վրա. Պաշտպանության փոխնախարար
Խորհրդարանում այսօր քննարկվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Այն ենթադրում է «աշխարհազոր» բառի հստակեցում։
Ըստ նախագծի՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը Հայաստանի սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը և այլն:
Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ աշխարհազորը բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա է.
«Աշխարհազորում կարող են ընդգրկվել պահեստազորում հաշվառված, սակայն կցագրում չունեցող քաղաքացիները: Այն քաղաքացիները, որոնք ունեն պահեսազորում զինվորական հաշվառում և կցագրում, ախարհազորի կազմի մեջ չեն մտնում»: