27/10/2020 13:50
Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը. Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը բանաձև է ընդունել
Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր, որտեղ ընդգծվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև պատմականորեն հարուստ հարաբերությունները, մշակույթի և համայնքային կառավարման ոլորտներում ձևավորված սերտ կապերը, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Հռչակագրում նշված է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում ազատության, հավասարության ու համագործակցության ոգուն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով հակամարտության կենսական վտանգը Արցախի բնակչության համար՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը և իրականացնել բոլոր քայլերը, որոնք թույլ կտան նպաստել նրա բնակիչների անվտանգությանը:
Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի միջոցով տրամադրելով 50 000 եվրոյի չափով մարդասիրական օգնություն։