27/10/2020 15:28
Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցություններին. Ալեն Սիմոնյանը պարզաբանել է վարչապետի հայտարարությունը
Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցություններին, և եթե դրանց ընթացքում կար կամ կլիներ որևիցե առաջարկ, որը մեր համար ընդունելի կլիներ, այն կդրվեր ՀՀ և Արցախի ժողովրդի քննարկմանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Արցախի հարցում հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ զիջումների, բայց ոչ՝ կապիտուլյացիայի:
«Փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չեն եղել, չկան ու այս փուլում չեն կարող լինել: Այսինքն՝ որևէ կոնկրետացում մտցնել, փորձել դրա մեջ ինչ-որ բան փնտրել, սխալ է», - ասաց բանախոսը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ խոսքը «Լավրովյան պլանի» կամ տարածքների մասին է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ եթե խոսքն այդ մասին լիներ, դրա վերաբերյալ փաստաթուղթն ինչ-որ փուլում արդեն իսկ պատրաստ էր, բանակցություններ և խոսակցություններ կլինեին: