27/10/2020 13:13
Թուրքիայից Ադրբեջան ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են պատրաստել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները. ՔԿ պաշտոնյա
Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը ԶՈՒ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի, ՊՆ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել և իրականացրել են ագրեսիայի ակտ, որի գործողությունները սկսել են հուլիսի 29-ից, երբ Թուրքիայի հետ զորավարժություններ էին իրականացնում, ՔԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Թուրքիայի մեծաթիվ զինվորականներ շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում շարունակելով իրականացնել մարտական պատրաստության աշխատանքները», - ասաց Ռաֆայել Վարդանյանը։
Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների նախապես ծրագրման մասին է վկայում նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալներն այն մասին, որ մինչև բուն ռազմական գործողություններ սկսելը սեպտեմբերի սկզբներին ԶՈՒ ծառայողներին կոնկրետ հրաման է տրվել պատրաստվել պատերազմի։
«Սեպտեմբերի կեսերից արդեն Ադրբեջանում կազմակերպվել և իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։ Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են պատրաստել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները», - ասաց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետը։