27/10/2020 17:52
Պետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով. Տիգրան Ավինյան
Մենք չունենք այլ ընտրություն, քան ամբողջ ուժով, վճռականությամբ ու եռանդով պատերազմելն ու հաղթելը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ շարունակում է խախտել արդեն երրորդ հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ մերժելով խաղաղ կարգավորման հնարավորությունները։
Ադրբեջանի նպատակը մեկն է․ ամբողջությամբ հայաթափել Արցախը, հնարավորության դեպքում նաև ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք։
Այսօր պատերազմը ոչ միայն մարտի դաշտում է, այլ նաև թիկունքում: Պետք չէ վհատվել վատ լուրերից և չափից շատ ոգևորվել հաջողություններով։ Տրտմության և ուրախության համար ժամանակ կունենանք հետո, իսկ այս պահին մեր նյարդերը պետք է կարծր քար դարձնենք։
Մեր ժողովրդի պատմության ընթացքում մենք շատ ավելի ծանր դրվագներ ենք ունեցել և պատվով հաղթահարել ենք բոլոր դժվարությունները։ Հիմա եկել է ժամը կրկնելու հաղթական պատմությունը։
Վստահ եղեք՝ մեր միտքը, մեր կամքը, մեր տոկունությունն են վճռելու այս պատերազմի ելքը», - նշել է Ավինյանը։