27/10/2020 16:10
«Art For Armenia». արվեստն՝ ի հակադրություն կասետային ռումբերի. Արցախի համար բարեգործական աճուրդ է անցկացվում
Շաբաթ օրը, հոկտեմբերի 24-ին, մեկնարկել է բարեգործական աճուրդ Լեռնային Ղարաբաղի՝ մարտական գործողություններից տուժած խաղաղ բնակիչներին աջակցելու համար: Աճուրդն անցկացվում է օնլայն համակարգով և տևելու է երկու շաբաթ՝ մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ը (GMT+3):
«Art For Armenia» աճուրդին ներկայացված են Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հունգարիայից և Բելառուսից 125 ճանաչված և հեռանկարային նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից երեխաների կողմից պատկերված նկարներ: Նրանց ստեղծագործությունները ոչ միայն կզարդարեն ցանկացած ինտերյեր, այլև կծառայեն որպես հումանիտար օգնություն մարտական գործություններից տուժած՝ տեղի բնակիչների համար:
Նախաձեռնող խմբի խոսքերով՝ ստեղծման արդեն իսկ առաջին ժամերից նախագիծը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհից նկարիչների շրջանում, ովքեր նվիրաբերում են իրենց լավագույն գործերը:
Աշխատանքների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի ամենամեծ հիմնադրամին, որը 1992 թվականից ի վեր իրականացրել է 1300 ծրագիր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կրթության, առողջապահության, ենթակառուցվածքի և գյուղատնտեսության զարգացման ոլորտներում:
«Երբ անմեղ մարդիկ կանգնած են հումանիտար և էկոլոգիական աղետի առաջ, հնարավոր չէ անտարբեր մնալ: Խորը կարեկցելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին՝ մենք ցանկանում ենք միասին հաղթահարել վիշտը և երեխաներին ու մեծերին խաղաղ ու երջանիկ ապրելու հույս տալ», - նշված է նախագծի էջում:
Լոտերի ամբողջական ցանկը հասանելի է աճուրդի կայքում, որին հնարավոր կլինի մասնակցել հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 22:00-ը (GMT+3):