27/10/2020 11:26
Իդլիբում ռուսական ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է Թուրքիայի կողմից աջակցվող ավելի քան 70 գրոհային
Syrian Observatory for Human Rights («Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ») իրավապաշտպան կազմակերպությունը, որը տեղակայված է Լոնդոնում, հայտնում է, որ սիրիական Իդլիբում ռուսական ավիահարվածից սպանվել է առնվազն 78 իսլամական գրոհային, այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Իրավապաշտպանների խոսքով՝ հարվածը հասցվել է Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման գրոհայինների ճամբարին, որը գտնվում է Հարիմ գյուղի տարածքում: BBC-ն նշում է, որ մահացածները Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումներից էին:
AFP-ի կողմից հարցված վերլուծաբանները կարծում են, որ ներկայիս ավիահարվածը կարելի է համարվել Մոսկվայի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նախազգուշացում, որն աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հետ հակամարտությունում: Syrian Observatory for Human Rights-ը հաղորդել է, որ «Ֆայլակ աշ-Շամ»-ի որոշ գրոհայիններ ուղարկվել են Ղարաբաղ ՝ մասնակցելու Բաքվի կողմից հակամարտությանը: