27/10/2020 13:35
Խորհրդարանում քննարկվեցին ֆինանսական համաձայնագրերի մասհանումների ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրեր
Ազգային ժողովն այսօր քննարկեց ֆինանսական երեք համաձայնագրերի մասհանումներ կատարելու ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրերը:
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նախագծով նախատեսվում է մասհանումներ կատարելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
Բանախոսը տեղեկացրեց, որ ծրագիրը վերաբերում է 11 քաղաքի և 41 գյուղական համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքներին, ինչպես նաև մի շարք գյուղական բնակավայրերում ամբողջական ջրամատակարարման և ջրահեռացման իրականացմանը:
«Ակնկալվում է հիմնանորոգել 555 կմ փողոցային ջրագիծ և 36.5 կմ կոյուղագիծ, ինչպես նաև տեղադրել ավելի քան 27 հազար անհատական ջրաչափական հորեր: Սա կարևոր ծրագիր է, ժամկետներն անցել ենք: Այս համաձայնագրի հաստատման դեպքում մենք բոլոր հնարավորություններն ունենք մինչև 2022 թվականը այս բավականին մեծ ծավալի կարևոր աշխատանքներն իրականացնելու», - նշեց Վաչե Տերտերյանը:
Բանախոսը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Նամակ-համաձայնագրով նախատեսվում է մասհանումներ կատարելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Փոխնախարարը հիշեցրեց, որ խոսքը Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի մասին է:
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայանների վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն էլ խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Ըստ այդմ՝ մասհանումների ժամկետի երկարաձգում նախատեսվում է ևս 5 տարով՝ մինչև 2025 թվականը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն իր հերթին հավելեց, որ KFW-ի հետ ֆինանսական համաձայնագրերի երկարաձգման արդյունքում լրացուցիչ վարկային միջոցներ են ներգրավելու 155 մլն 462 հազար եվրոյի չափով:
«Ժամանակին այս երեք ծրագրերի գծով վարկային միջոցները չօգտագործելու, մասհանումներ չկատարելու համար պետությունը պետք է լրացուցիչ վճարի պարտավորավճար՝ 383 հազար 656 եվրոյի չափով: Բացի դրանից՝ այս վարկերը երկարաձգելու համար նախատեսվում է, որ պետությունը պետք է վճարի երկարաձգման համար հատուցման վճար` 3 մլն 440 հազար եվրոյի չափով», - ասաց պատգամավորը: