27/10/2020 12:12
Մենք ուզում ենք հասկանալ՝ ովքեր էին կանգնած այս ամենի թիկունքում. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ Արմենակ Արմենակյանի այրի
ԱԺ բակում կայացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի արարողությունը:
Խորհրդարանականները, զոհվածներ հարազատները ծաղիներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ազգային ժողովի բակում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ոճրագործությանը զոհ գնացած նախկին պատգամավոր Արմենակ Արմենակյանի այրի Արմինե Արմենակյանը, ամեն տարի իրենց ընտանիքներում ցավը զգում են նորովի:
«Դա մեծ ահաբեկչություն էր, և մինչ այսօր հիշում ենք այդ ահավոր դեպքը, երբ մի քանի ստահակի ձեռքով մի ողջ ժողովուրդ գլխատվեց, մի ակնթարթում ընտանիքներ որբացան: Մենք ուզում ենք հասկանալ՝ ովքեր էին կանգնած այս ամենի թիկունքում և ում նախաձեռնությամբ էր այդ ամենը կատարվում: Նույնիսկ մտածում եմ, որ Արմենակ Արմենակյանի մարդասպանը ողջ է, քանի որ դատապարտված անձինք, այդ թվում՝ Կարեն Հունանյանը, հայտարարել են, որ իրենք չեն սպանել նրան», - ասաց նա:
Պատգամավորի այրին նշեց՝ իրենք տեղեկություններ ունեն, որ ամուսնու սպանությունը ոճրագործների ծրագրում չի եղել, նրան վախից են սպանել՝ հասկանալով, որ ականատես է դարձել իրենց գործողություններին:
«Դիմել ենք նոր իշխանությանը, որ գործը վերաբացվի», - ասաց Արմինե Արմենակյանը՝ նշելով, որ կառավարությունից խոստացել են ուշադրության կենտրոնում պահել հանցագործության բացահայտումը: