27/10/2020 20:10
ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը
ՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 70 կողմ քվեով ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել էր՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության իրավիճակում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության առաջացման հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու երաշխիքները և ընթացակարգը, գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները:
«Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում», - պարզաբանել էր ՊՆ փոխնախարարը:
Նշենք, որ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: