27/10/2020 20:49
Ռազմական դրության ժամանակ որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն
ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն անցավ 71 կողմ քվեով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է լրամշակել մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը:
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում:
Նա միաժամանակ տեղեկացրել էր, որ արդեն իսկ առկա են պաշտոնատար անձանց առաջադրված համապատասան մեղադրանքներ, և իրենք գտնում են, որ այս պահի դրությամբ պետք է ավելի խիստ պատժաչափեր սահմանվեն, որպեսզի այդօրինակ անձինք որոշակի իրավիճակներում ձեռնպահ մնան որոշակի արարքներ կատարելուց կամ անգործություն ցուցաբերելուց: