27/10/2020 12:45
Կառավարության պարտքը կարող է ավելացվել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը. վարկերը պետք է ներգրավվեն ծայրահեղ արդյունավետ ծրագրերի գծով. Պատգամավոր
Խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Ինչպես իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովում նախագծի հարցում միայն ինքն է վերապահում ունեցել:
«2017 թվականին որոշում է կայացվել այս ծրագիրը կասեցնելու՝ այն ոչ նպատակահարմար և հետգնման առումով խնդրահարույց համարելու հիմնավորմամբ և պետական պարտքի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու նպատակով: Առաջարկ է եղել, որ այդ հարցին անդրադարձ կատարվի նոր տեխնիկական լուծումներ գտնելու, ծախսերը օպտիմալացնելու արդյունքում, որը կբերեր նրան, որ ծրագիրը հետգնման առումով կդառնար ավելի արդյունավետ», - նշեց պատգամավորը:
Արկադի Խաչատրյանը միաժամանակ նկատեց՝ այս պահին համաձայնագրի հիմնավորման մեջ նշված է, որ այն ներկայացվում է նախկին համաձայնագրի տեխնիկական լուծումներով:
«Այս տարվա պետական բյուջեի վերանայված ցուցանիշների համաձայն՝ նախատեսվում է, որ կառավարության պարտքը կարող է ավելացվել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը: Այսինքն` այս պահին վարկերը պետք է ներգրավվեն, ծախսերը իրականացվեն բացարձակապես ծայրահեղ արդյունավետ ծրագրերի գծով, որոնք խիստ անհրաժեշտ են երկրի տնտեսական զարգացման առումով: Ես կարծում եմ, որ այս համաձայնագրի երկարացումը այս խմբագրմամբ այս պահին նպատակահարմար չէ», - շեշտեց խորհրդարանականը:
Այդուհանդերձ՝ Արկադի Խաչատրյանը կարևորեց ծրագրում Դդմաշենում էլեկտրացանցի վերակառուցման հարցը: