27/10/2020 19:53
Խորհրդարանը վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ կոնվենցիան
Խորհրդարանն այսօր միաձայն` 71 «կողմ» ձայնով, վավերացրեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան:
ԱԺ արտահերթ նիստում այն ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:
«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում», - ասաց Գրիգորյանը:
Բանախոսը տեղեկացրեց՝ նշված կոնվենցիայով պետությունները պարտավորվում են չհավաքագրել, չֆինասավորել կամ չուսուցանել վարձկաններին, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման հետապնդման և կանխարգելման դեմ:
Քրիստինե Գրիգորյանը շեշտեց՝ կոնվենցիային միանալով՝ 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997թ. այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ` սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների՝ որպես վարձկանների օգտագործման առնչությամբ:
«Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետը կարելի է օգտագործել նաև Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանդիսանում է հանցակից կողմ, որը պատասխանատվություն ունի վարձկաններին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու ու Ադրբեջան ուղարկելու հարցում», - նշեց արդարադատության փոխնախարարը: