27/10/2020 21:37
Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից. ՀՀ ԱԳՆ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից:
Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման հետևանքով կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:
Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։