28/10/2020 15:16
ԱՀԿ-ն կոչ է անում պաշտպանել բժիշկներին Լեռնային Ղարաբաղում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչներին և բժիշկներին:
ԱՀԿ-ն նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները խանգարում են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը:
Լեռնային Ղարաբաղում Covid-19 հետ կապված իրավիճակը բարելավելու համար ԱՀԿ-ն կոչ է անում զերծ մնալ քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունների վրա հարձակումներից: Հատկապես կարևոր է, որ բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի նրանք կարողանան պայքարել համավարակի դեմ, հայտնում է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
ԱՀԿ-ն ավելացրել է, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համատեքստում անհնար է գնահատել կորոնավիրուսային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: