28/10/2020 09:56
«Ժողովուրդ». Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի 2-րդ ալիքին. Վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց պատրաստվելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ: Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Դա են վկայում նաև այն հայտարարությունները, որոնք ամեն օր արվում են՝ ցույց տալով, թե ինչ վիճակում են առողջապահական համակարգն ու մահճակալային ֆոնդը: Այնինչ այս ընթացքը պետք է օգտագործվեր առկա բացերը լրացնելու և կորոնավիրուսի երկրորդ ալիքին պատրաստվելու համար:
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Covid-19 սպասարկող այս պահին ունենք ծավալված 2315 սովորական մահճակալ և 281 վերակենդանացման մահճակալ: Այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է և կավելանա մի փոքր էլ, շատ փոքր բժշկական կենտրոններում՝ միգուցե մինչև մոտ 200, և, հավանաբար, դրա վրա կանգ կառնի, քանի որ պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ ավելացնել»: Այսինքն՝ այս պահին կրկին շարունակվում են մահճակալների ավելացման աշխատանքներ, այնինչ դա կարելի էր անել այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը թեթևացել էր, և առողջապահական համակարգը մի փոքր շնչում էր, պատերազմն էլ չէր սկսվել։
Այնինչ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարծես թե, զարմացել է, որ գոյություն ունի կորոնավիրուսի երկրորդ ալիք, և միայն հիմա են որոշել մահճակալներ ավելացնել այն դեպքում, երբ այժմ բժշկական կենտրոնները պետք է օգնեն վիրավոր զինվորներին: Նկատենք, որ բժշկական հաստատություններից շատերը կրկին վերապրոֆիլացվել էին և դարձել էին սովորական հաստատություններ, այլ ոչ թե սպասարկում էին միայն կորոնավիրուսով հիվանդներին։
Ստացվում է՝ վարակի նահանջի «ոսկե ժամանակը» չօգտագործվեց 2-րդ ալիքին պատրաստվելու համար։ Ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին, սակայն նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց»: