29/10/2020 19:26
Արցախի նախագահ. Այժմ նրանք սպառնում են տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին. միասին պաշտպանենք մեր Շուշին (Տեսանյութ)
Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից:
Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:
Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:
Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը: