29/10/2020 09:32
«Հրապարակ». Ժնևի հանդիպումը կարող է չկայանա՞լ
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Ժնևում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման առիթը նույնն է՝ պայմանավորվել հրադադարի ռեժիմը կյանքի կոչելու և բանակցությունների սեղանին վերադառնալու շուրջ, որը շարունակաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Հանդիպումից առաջ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ «լայվով» հայտարարեց, թե արցախյան հարցն այլևս չունի դիվանագիտական լուծում, և կոչ արեց բոլորին զինվորագրվել ու գնալ ճակատ, մեկ այլ «լայվի» ընթացքում ասաց, որ մենք պատրաստ ենք «ցավոտ փոխզիջումների», ապա հաջորդ օրը հայտարարեց, թե ստուգում էր հանրային արձագանքները, մենք պետք է կռվենք հանուն ամեն մի սանտիմետր հողի։
ԱԳՆ-ից երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ՝ արդյոք վարչապետի այս հայտարարությունները չեն հակասում ժնևյան բանակցությունների ոգուն, և արդյոք ակնկալվում է, որ այդ հանդիպումը կհանգեցնի հրադադարի։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ որևէ բան այս թեմայով չեն մեկնաբանում։ Հարցրինք՝ իսկ հանդիպումը կայանալո՞ւ է։ «Դա էլ չեմ մեկնաբանում», - պնդեց խոսնակը։ Այսինքն՝ հանդիպումը կարող է չկայանա՞լ։ Նաղդալյանն ասաց՝ չգիտեմ, չեմ մեկնաբանում։ Երեկ երեկոյան նախարարը Երևանում էր՝ դեռ Ժնև չէր մեկնել»։