30/10/2020 22:13
Հարավում մի քանի բարձունքի ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր՝ վաղ առավոտյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությունով, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նախ՝ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիեր», - հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս։
«Մի քանի բարձունքի ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են։ Կենտրոնական ուղղությամբ ընթացել է երկու առաձին պրոցես. Մարտունի, Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել, մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել։ Այս պահին որևէ դիրքային փոփոխություն այդ ուղղությամբ չկա։ Շուշիի մերձակա գյուղերի ուղղությամբ զգալի խմբեր են չեզոքացվել, ռազմաբազա է չեզոքացվել։ Մարտերը շարունակվում են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։